«Արփիմեդ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.-ին: Ընկերության գործարանը կառուցվել է եվրոպական մասնագետների նախագծով և ներկայումս արտադրում է ավելի քան 130 անուն դեղ, այդ թվում`ստոմատոլոգիայում օգտագործվող պրոֆիլակտիկ և բուժիչ միջոցներ, հականեխիչ և ախտահանիչ լուծույթներ, դիագնոստիկ և կոսմետիկական միջոցներ, ինչպես նաև անասնաբուժական պրակտիկայում օգտագործվող դեղեր:
Իր տեխնոլոգիական պարամետրերով ընկերությունը համապատասխանում է GMP միջազգային ստանդարտներին: «Արփիմեդ» ընկերությունն ունի որակի կառավարման համակարգերի միջազգային ստանդարտին (ISO 9001:2008) ու Եվրոմիության «Պատշաճ արտադրական գործունեության» (EU GMP) ստանդարտին համապատասխանության հավաստագրեր` տրամադրված, համապատասխանաբար գերմանական «TUV Rheinland» և ֆրանսիական «AB Certification» ընկերությունների կողմից:
Հումքի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի որակի հսկումը կատարվում է ժամանակակից սարքավորումներով հագեցված կլինիկական, մանրէաբանական և գիտական լաբորատորիաներում:
Հիմնական պահեստը հագեցած է միջազգային ֆարմակոպեաներին և GMP նորմերին համապատասխան ապրանքի պահպանում ապահովող օդափոխիչ համակարգով:
Հումքը ներկրվում է եվրոպական և հնդկական ընկերություններից։
2010-ին ընկերությունը կատարել է մոտ 1 մլն դոլարի ներդրում` միջազգային չափանիշներին համապատասխան մաքուր սենյակների կառուցման և ստերիլ ներարկման դեղաձևերի և աչքի քսուքների արտադրության համար ժամանակակից եվրոպական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Նոր արտադրամասերը լինելու են լավագույնը Հայաստանում` EU GMP մաքուր սենյակին ներկայացված պահանջներին իրենց համապատասխանությամբ:
«Արփիմեդ»-ի արտադրած ավելի քան 130 անուն դեղամիջոցների 65%-ն ընդգրկված է ՀՀ հիմնական դեղերի ցանկում (սահմանվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` որպես երկրի դեղորայքային անվտանգությունն ապահովող դեղերի ցանկ): Արտադրանքը, բացի հայրենական շուկայից, ներկայացված է նաև արտասահմանում: Բելառուս են արտահանվում 17 անուն դեղեր, Ուկրաինա` 3 անուն, Վրաստան` 11 անուն, Ուզբեկստան` 8 անուն, Քաթար` 1 անուն դեղ: 2011-ից ընկերության արտադրանքն արտահանվելու է նաև արաբական երկրներ: