Սերգեյ Մաթեւոսյան. «Փոքր ծավալի մեջ ստեղծում ենք բարձր արժեք …»

mitq-matevosyan

«Լիկվոր» դեղագործական ձեռնարկության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի հետ զրուցում ենք արդյունաբերության այս ոլորտի ռազմավարական նշանակության, հընթացս խնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին: «Լիկվոր»-ն առաջինն է Կովկասում, որ ստացել է ազգային «Պատշաճ արտադրական գործունեության», ՊԱԳ, եվրոպական օրինակի հավաստագիր, եւ բավական բարձր դիրք է զբաղեցնում դեղագործական շուկայում, ապահովելով Հայաստանում արտադրված դեղերի ընդհանուր ծավալի 40 տոկոսն` ըստ պետական ​​վիճակագրական տվյալների:

- Պարոն Մաթեւոսյան, ե՞րբ է հիմնադրվել «Լիկվոր» ընկերությունը, եւ այսօր քանի՞ անուն դեղ եւ դեղաձեւեր եք արտադրում:

- «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հիմնվել է 1991-ին: Գործունեության 23 տարիների ընթացքում ընկերությունը ձեւավորել է 60-ից ավելի արտադրատեսակների փաթեթ: Այսօր ձեռնարկությունը արտադրում է ներերակային, ներարկման եւ ակնաբուժական դեղերի լայն տեսականի, բժշկության բազմաթիվ թերապեւտիկ ոլորտների համար: «Լիկվոր»-ը հանդիսանում է Հայաստանի դեղագործության առաջատարը:

- Դեղագործությունն ընդգրկված է ռազմավարական նշանակության արտադրությունների ցանկում, որի համար ևս ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչությունը մշակել է հայեցակարգ և գործողությունների ծրագիր: Կոնկրետ ի՞նչ է դա, եւ ի՞նչ է տալիս, ինչպե՞ս է օգնում «Լիկվոր» դեղագործական ձեռնարկությանը:

- Այդ ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից եւ հաջողությամբ գործում է: Կառավարության հետ դեռ 20.04.2012 թ. ստորագրվել է հուշագիր, որի արդյունքում դեղագործությունը համարվել է հանրապետությունում առաջին երեք հեռանկարային արդյունաբերական ճյուղերից մեկը: Անցած 2,5 տարիներին մենք ապացուցել ենք, որ ընտրությունը ճիշտ է կատարվել, քանզի ոլորտի զարգացման միջին տեմպերը տարեկան կազմել են մոտ 20 տոկոս, իսկ արտահանման ծավալները, 25 տոկոս չափով:

Համաձայն ծրագրի, դեղագործության ոլորտի համար մշակվել են համապատասխան գործողությունների ուղղություններ: «EV Consulting» կառույցին պատվիրվեց, այնուհետեւ կառավարության կողմից հաստատվեց այդ փաթեթը: Այն վերաբերում է միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնագետների վերապատրաստմանը եւ ուսուցմանը, արտահանմանը նպաստելուն ուղղված կոնֆերանսների կազմակերպմանը և այլն:

ՀՀ կառավարության կողմից ստեղծվեց Արդյունաբերության զարգացման հիմնադրամ, որը հստակ նախանշեց գործունեության ուղղությունները, մասնավորապես, աջակցություն միջազգային կոնֆերանսների եւ ցուցահանդեսների մասնակցությանը, ի դեպ, ոչ միայն ելույթներով ներկայանալու համար, այլեւ արտադրության շնորհանդես կազմակերպել – ներկայացնելու: Բացի այդ հիմնադրամը իր վրա է վերցնում արտերկրում դեղերի գրանցման ծախսերի 50 տոկոսը: Աջակցում է արտերկրում համապատասխան հավաստագրերի ստացմանը: Օգնում է նաեւ թրեյնինգներ, կոնֆերանսներ, սեմինարներ կազմակերպելու եւ Հայաստան բարձրակարգ մասնագետներ հրավիրելու հարցում: Այդ ամենի հետ կապված, ծախսերի գրեթե կեսը փոխհատուցում է հիմնադրամը: Բացի այդ երեք տոկոսով սուբսիդավորում են ՓՄՁ ԶԱԿ-ի Ունիվերսալ վարկային կազմակերպությունից վարկերի ստացման դեպքում: Ես սա համարում եմ լուրջ եւ անմիջական աջակցություն ոլորտում գործող ընկերություններին:

Ինչ վերաբերում է «Լիկվոր» դեղագործական ընկերությանը, մենք արդեն 2 տարի է, որ օգտվում ենք վերընշված հնարավորություններից:

- Արտերկրում դեղերի գրանցման հարցում 50 տոկոսով փոխհատուցումը սահմանափակ է, մինչեւ 3 մլն դրամի սահմաններում, որը ձեր մրցակից մյուս դեղագործական ընկերությունների կարծիքով բավարարում է արտասահմանյան որևէ երկրում ընդամենրը 3 – 4 անուն դեղերի գրանցման համար: Դա ձեզ բավարարո՞ւմ է:

- Մեր տվյալներով այդ սահմանափակումն անցած տարի հանվել է և հասցվել է 6 միլիոն դրամի, եւ մենք նման խնդիր չունենք: Դեղանունների գրանցման սահմանափակում ընդհանրապես չկա, իսկ գրանցման փոխհատուցման չափի հարցում, այն մեզ բավարարում է, եւ նման աջակցության համար միայն շնորհակալ ենք:

Իհարկե, քանի որ մենք Հայաստանի դեղագործության ոլորտի առաջատարն ենք, մեր հանդեպ ուշադրությունն ավելի մեծ է: Հաշվի են առնվում նաև մեր արտահանման ծավալներն ու աշխարհագրությունը: Նշեմ միայն մեկ – երկու տվյալ. համաձայն վիճակագրական տվյալների, 2014 թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանից արտահանված դեղամիջոցների 48,5%-ը հանդիսանում է «Լիկվոր»-ի մասնաբաժինը, որը համարժեք է մոտ 1,8 միլիոն ամերիկյան դոլարի: «Լիկվոր»-ն արտահանում էԱՊՀ գրեթե բոլոր երկրներ, ինչպես նաեւ Վիետնամ, Եմեն, եւ փոքր ծավալով Հարավային Աֆրիկա:

Կառավարությունը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, որի համար շատ կարեւոր է արտահանման ծավալների աճը, ուստի խթանում եւ աջակցում է արտադրողին: Մեր ընկերությունն էլ ակտիվ օգտվում է այն հնարավորություններից, որոնք առաջարկվում են Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից: Օրինակ, մենք դիմել ենք սուբսիդավորման համար, փաթեթավորման նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որն ավելի կխթանի մեր արտադրության ծավալները:

- Դեղերի տուփերի վրա էլ որոշում է կայացվել, որ պետք է փակցնել դրոշմակնիքներ, ինչը դժգոհություն է առաջացրել բազմաթիվ համանման ձեռնարկությունների մոտ: Խոսքը վերաբերում է արտերկրում դեղանմուշների 3-ից 5 տարով գրանցման պայմաններում՝ դրոշմակնիքների օգտագործման դեպքում առաջանալիք խնդիրներին: Ընդհուպ՝ բարձրաձայնում են դեղանմուշների վերագրանցման հիմնահարցը, որը բազմաթիվ ֆինանսական և տեխնիկական լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

- Մենք ունենք 2003 թ.-ից ի վեր գործող հզոր ասոցիացիա՝ Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը, որի շնորհիվ կարողացել ենք այս ոլորտի համար բավական շոշափելի արդյունքներ արձանագրել: ԴԱՆ միության եւ ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում դեղագործությունն ընդգրկվեց ռազմավարական նշանակության ձեռնարկությունների կազմում: Միությունում ընդգրկված են ոչ միայն հայաստանյան դեղ արտադրող ձեռնարկություններ, այլեւ ներմուծող եւ ներկայացուցչական ընկերություններ, որոնք բավական կազմակերպված եւ միասնական աշխատում են ոլորտի շրջանակներում:

Այս ամենը մանրամասնորեն ներկայացնում եմ, հետեւյալ հարցը բարձրաձայնելու նպատակով. ինչո՞ւ նման որոշում կայացնելուց առաջ պետական մարմինները չեն խորհրդակցել մեր ասոցիացիայի հետ: Նախկինում, մեր ոլորտին վերաբերող յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ, նախապես քննարկվում էր ասոցիացիայի անդամների հետ, խորապես վերլուծվում եւ մեր կարծիքն էր հաշվի առնվում: Ավելին ասեմ, նման մոտեցում արձանագրված է կառավարության եւ ոլորտի միջեւ դեռ 2012 թվականի ապրիլի 20-ին կնքված հուշագրի կետերից մեկում: Ցավոք, այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Որոշում է կայացվել, որն էլ հաստատել է ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահն էլ վավերացրել է այն, արդյունքում, «Առեւտրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է կատարվել: Վստահ եմ, որ դա լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնելու դեղագործության ոլորտում, որտեղ խոսքը գնում է ոչ միայն ներմուծողների, այլեւ արտադրողների մասին: Մինչդեռ մեր գործունեության ոլորտը բավական պարզ, բաց և թափանցիկ է: Մենք հաշվետու ենք ոչ միայն մաքսային ու հարկային մարմիններին, այլեւ ՀՀ առողջապահության նախարարությանը, Դեղերի փորձագիտական կենտրոնին: Մեր գործունեությունն ուղղակիորեն փոխկապակցված է էկոնոմիկայի նախարարության առողջապահության գերատեսչությունների, Առեւտրաարդյունաբերական պալատի հետ եւ ոչ միայն:

Դուք կարեւոր խնդիր եք բարձրացնում, թե արտերկրում գրանցված դեղերի տուփերի վրա ինչպե՞ս պետք է կիրառենք այդ դրոշմակնիքը: Պետք է հասկանանք, թե ներմուծելիս կամ արտադրելիս այդ գործողությունը ե՞րբ և որտե՞ղ պետք է կատարվի: Չէ որ մեր գործունեությունը կարգավորվում է միջազգային «Պատշաճ արտադրական գործունեության», ՊԱԳ, ստանդարտներով: Արտադրության ընթացքը բավական բարդ է, հատուկ միջոցներ է պահանջում, եւ մենք պարտավոր ենք ապահովել այդ ամենը, հակառակ դեպքում, ընկերությանը կզրկեն միջազգային հավաստագրից: Դրոշմակնքելու համար հստակեցումներ են պետք, տարածքներ, լրացուցիչ աշխատուժ, նոր սարքավորումներ, այդ ամենը պետք է հաշվառվի եւ այլն: Հիմա մեզ փաստի առաջ են կանգնեցրել, որը կհանգեցնի մի շարք նոր խնդիրների առաջացմանը: Ցանկացած դեպքում մեզ համար ամենակարեւորն է պահպանել այն ստանդարտները, որոնք ամրագրված են միջազգային ՊԱԳ-ի հավաստագրով: Մենք կողմնակից ենք, որ ասոցիացիայի շրջանակներում, որտեղ ներգրավված են մոտ 40 ընկերություններ, կլոր սեղանի շուրջ պետական ​​մարմինների հետ քննարկվեն անհանգստացնող հարցեր, հասկանալու համար, արդյոք դրանով կլուծվեն այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այսօր դեղերի շրջանառության ոլորտում: Խոսելով Հայաստանի դեղարտադրության ոլորտի մասին, պետք է փաստել, որ տարեց տարի ավելացնում ենք արտադրության ծավալները, վճարվող հարկերի գումարները, որով նպաստում ենք պետբյուջեում ֆինանսական միջոցների աճին:

- Մասնավորապես՝ միջազգային ներկայացուցչական մարմինների հետ ձեր մրցակցությունը որքանո՞վ է քաղաքակիրթ՝ այն պայմաններում, երբ նրանք հայաստանյան բուժանձնակազմերի հետ սեմինարներ, կոնֆերանսներ կազմակերպելու միջոցով համոզում են հիվանդներին պարտադրել գնել բացառապես իրենց ներմուծածը:

- Այնքանով, որքանով զարգացած է մեր բժշկական հասարակությունը: Մեր ասոցիացիան մշակել է էթիկայի կանոններ, որոնք ընդունվել են բոլոր անդամների կողմից, և փորձում ենք տարածել դրանք ամբողջ շուկայի մասնակիցների վրա: Ցանկանում ենք գործել քաղաքակիրթ էթիկայի սահմաններում: Սակայն այդ խնդիրը կա նաեւ արեւմտյան զարգացած երկրներում, ամբողջովին արմատախիլ անել դեռ հնարավոր չէ, բայց որոշակիորեն կանոնակարգելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են:  

- Մի մասնավոր հարց. Աստված մի արասցե, սակայն Ձեզ, հարազատ – բարեկամներին եթե անհրաժեշտ լինի դեղամիջոց, որն արտադրվում է «Լիկվոր»-ում, կօգտագործե՞ք կամ կառաջարկե՞ք, թե՞ կնախընտրեք արտասահմանյանը:

- Երբ դրա կարիքը լինում է, օգտագործում ենք միայն մեր ընկերության արտադրած դեղամիջոցները, եղել են նման դեպքեր: Մեր ամբողջ անձնակազմն է այդպես վարվում «Լիկվոր»-ի արտադրանքն ընդունված եւ գնահատված է թե՛ տեղական, թե՛ միջազգային բժշկական լսարանի կողմից:  

- «Լիկվորն» ունի՞ կարգախոս, որով առաջնորդվում է: 

 - Այո ‘, իհա’րկե. «Առողջությունից լավ ընկեր չկա»:

- Եվ վերջում, ինչի՞ մասին կցանկանայիք խոսել, որ հարց չտրվեց:

- Որպես ՀՀ քաղաքացի եւ դեղագործական ընկերության տնօրեն կցանկանայի, որ մինչ այժմ դեգագործության ոլորտին ցուցաբերվող ուշադրությունն ու աջակցությունը շարունակական լինեն: Հայաստանյան դեղարտադրող ձեռնարկությունները վերջին հինգ տարիների ընթացքում որակական թռիչք են արձանագրել, դրանով իսկ իրենց լուման են ներդնում մեր երկրի տնտեսության զարգացման գործում:

Հաշվի առնելով, որ դեղագործությունը գիտատար եւ տեխնոլոգիապես բարդ ոլորտ է, երբ փոքր ծավալի մեջ մենք ստեղծում ենք բարձրարժեք, ուստի շատ կարեւոր է, որ այն լինի թե՛ արտադրողներիս, թե՛ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ բոլոր ջանքերը ներդրվեն ոլորտի զարգացման գործում:

Զրուցեց՝ Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

MPI Union Members

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Pharma Magazine

pharma-10

In April 2015 Medicine Producers and Importers Union of Armenia and “GXP” Centre of Excellence published the 10th issue of pharmaceutical scientific magazine “PHARMA”.

 

www.pharma-mag.am


Find us on Facebook
Follow us on Twitter!