Դրոշմապիտակավորումը կարող է խթան հանդիսանալ կեղծ դեղերի վաճառքի համար. Սամվել Զաքարյան

newsbook

NewsBook-ի զրուցակիցն է «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանը:

- Պարոն Զաքարյան, Առողջապահության և Ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները պնդում են, որ դրոշմապիտակավորումը կնպաստի դեղերի որակի ապահովմանը, ստվերային շրջանառության նվազեցմանը, ինչպես նաև տեղական արտադրանքի ծավալների վերահսկմանը: Ինչո՞վ է պայմանավորված դեղ արտադրողների և ներմուծողների դժգոհությունները, որը Ֆինասների նախարարության կողմից գնահատվում է որպես խնդրի արհեստականորեն բարձրացում: Իրականում օրենքն ի՞նչ խնդիրներ է առաջացրել նրանց համար:

- Դրոշմապիտակները բաժանվել են հոկտեմբերի 31-ին, վերջին օրով, որն արդեն իր հետ բերել է խնդիրների մի ամբողջ շարք: Բացի այդ, նման ծավալի աշխատանք իրականացնելու համար հարկավոր են համապատասխան պայմաններ` տարածք, համապատասխան ջերմաստիճանի պահպանում և աշխատուժ, քանի որ ամեն բան արվելու է ձեռքով: Ոչ մի բան ավտոմատացված չէ: Շատերն այսօր պարալիզացված են, որովհետև չեն հասցնում դրոշմապիտակավորել: Չկա սահմանված հատուկ կարգ, թե դրոշմապիտակն ինչպե՞ս և ո՞ր հատվածում է լինելու, որը հետագայում ևս կարող է խնդիր առաջացնել` արդեն տուգանքների տեսքով: Այս ոլորտը թափանցիկներից մեկն է, որտեղ ստվերը չնչին տոկոս է կազմում: Դրոշմապիտակը միայն քանակական և գնային վերահսկողության համար է, որը ստվերը վերացնելու գործընթացին չի օգնելու: Այն կարող է անգամ խթան հանդիսանալ կեղծ դեղերի վաճառքի համար: Դեղատուն հասնում է արդեն դրոշմապիտակավորված տուփը, այն բացվում է, վաճառվում, որից հետո նույն տուփի մեջ տեղադրվում են կեղծ դեղերը ու շարունակվում վաճառվել:

Ինչ վերաբերում է արտաքին շուկային, ապա դեղերն արտահանվելու են առանց դրոշմապիտակի, քանի որ այն արտահանվող երկրում արդեն գրանցված է իր նախնական տեսքով, անցել է համապատասխան ստուգում և ստացել համապատասխան արտոնագրեր, և ինչ-որ ավելորդ բան տուփի վրա հայտնվելու դեպքում` կարող են պարզապես չընդունել:

- Այս պարագայում հնարավո՞ր է իրենց համար գլխացավանք դարձած դրոշմապիտակներից ազատվելու համար տեղական արտադրողներն իրենց արտադրանքն ուղղեն արտաքին շուկա:

- Չեմ կարծում նման վտանգ առաջանա, քանի որ ամբողջական ծավալով ընդունելու պահանջն էլ պետք է լինի: Եվ, բացի այդ, մենք ունենք մեր սպառողներին հասցնելու սոցիալական պատասխանատվություն:

- ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով` դրոշմապիտակը հնարավորություն կտա ցանկացած մարդու, հենց դեղատան ներսում, ձեռքի տակ ունենալով բջջային հեռախոս, մուտք կատարել տվյալների բազա և ստանալ այդ դեղի մասին ամբողջ տեղեկատվությունը: Ըստ Ձեզ` տուփերի վրա եղածը բավարար չէ՞ դեղի մասին որոշակի տեղեկություն ստանալու համար:

- Դրանով իրենք փորձում են արդարացնել իրենց արած քայլը: Ցանկացած տուփի վրա պարտադիր պետք է լինի տպված` բաղադրությունը, չափը և այլն, որն արդեն կա, որի համար հեռախոսներ և պլանշետներ հարկավոր չեն: Ինձ թող բացատրեն, թե ինչի՞ համար է պետք այդ հավելյալ փոքր ու չերևացող նարնջագույն դրոշմապիտակը, որը մեկը մյուսի հետ կապ չունի: Դրոշմապիտակը կապ չունի այն պայքարի հետ, որն այդքան ասում են:

- Այնուամենայնիվ, օրենքն արդեն ընդունված է: Այս օրերի ընթացքում ինչի՞ հանգեցրեց այն:

- Հանգեցրեց նրան, որ շատ ներմուծողներ և դեղարտադրողներ իրենց ապրանքը դեռ շուկա չեն մտցրել: Եվ նրանց թիվը բավականին շատ է: Որոշները, երեկվա տվյալներով, դեռ դրոշմապիտակներ չեն ստացել, որոշներն էլ պարզապես չեն հասցրել մեկ օրում դեղերը դրոշմապիտակավորել:

- Շնորհակալություն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» լրացված օրենքը, համաձայն որի՝ դեղերը պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն:

Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի

 

MPI Union Members

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Pharma Magazine

pharma-10

In April 2015 Medicine Producers and Importers Union of Armenia and “GXP” Centre of Excellence published the 10th issue of pharmaceutical scientific magazine “PHARMA”.

 

www.pharma-mag.am


Find us on Facebook
Follow us on Twitter!